ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամների ելույթ ունենալուն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 18-ին հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը` ամփոփելով Վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքները:

Նա նշեց, որ ինքն ու ՀՀ պատվիրակության այլ անդամներ հերթագրվել են, որպեսզի հարցեր տան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, սակայն ԵԽԽՎ ազգությամբ թուրք նախագահը հայ պատգամավորների ելույթ ունենալու հերթը կանխամտածված հետաձգել է, որպեսզի կանխի ՀՀ պատվիրակության կողմից Թուրքիայի վարչապետին անցանկալի հարցեր տալը: Հայաստանի պատվիրակության հարցում-նամակին ԵԽԽՎ քարտուղարությունից պատասխանել են, որ հարց տալու հերթականության խախտումը եղել է ԵԽԽՎ կանոնակարգի շրջանակում:

«Իհարկե բոլորիս համար պարզ էր, որ դա ոչ թե կանոնակարգի կետի կատարում է եղել, այլ Չավուշօղլուն չարաշահել է իր պաշտոնական դիրքը»,-հայտարարեց Փոստանջյանը: Նա այս համատեքստում հիշեցրեց, որ հայկական պատվիրակության անդամները Չավուշօղլուի` ԵԽԽՎ նախագահ ընտրվելու դեմ ձեռնարկած արշավին չէին միացել, ուստի այժմ քաղում են դրա պտուղները: Փոստանջյանը  նաեւ հավելեց, որ պատրաստվում է նամակով դիմել Չավուշօղլուին` ելույթները հետաձգելու հետ կապված պարզաբանում ստանալու համար:  

Պատգամավորը, սակայն, հնարավորություն է ունեցել հարց հղել մեկ այլ թուրք պաշտոնյայի` Թուրքիայի ԱԳ նախարարի Ահմեդ Դավութօղլուին:

Փոստանջյանը հարցրել է, թե ե՞րբ է պատրաստվում Թուրքիան առերեսվել պատմական իրականության հետ,  որի առաջին քայլերից մեկը կլինի Հայոց Ցեղասպանության ճանաչումը եւ թուրքական քրեական օրենսգրքից 301 հոդվածի վերացումը:  Ի պատասխան Թուրքիայի ԱԳ նախարարը խորհուրդ է տվել հայ պատգամավորին «լիկբեզ անցնել»` «սովորել միջազգային իրավունքը»` առաջարկելով պատմական կնճռոտ հարցերն ուսումնասիրելու համար ստեղծել պատմաբանների հանձնաժողով: