Կարապետ Ռուբինյանը Հայ ազգային  կոնգրեսից հեռացավ թյուըմբռնումների արդյունքում, սակայն նա մի օր կրկին ընդդիմության հետ է լինելու։

Ապրիլի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց Հայ ազգային  կոնգրեսի անդամ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը:

«Ափսոսում եմ, որ Ռուբինյանը հեռացավ, նա շատ կարող ուժ էր։ Սակայն մեր կողմից նրա հասցեին ոչ մի մեղադրանք չի հնչել։ Ուղղակի ամեն մեկն իր կայքն ունի եւ դրանցում այնքան բաներ են գրվել, որ Ռուբինյանն, ի վերջո, հանդես եկավ նման հայտարարությամբ։ Բայց ես համոզված եմ, որ վաղը-մյուս օրը Ռուբինյանը միանշանակորեն ընդդիմության հետ է լինելու»,- ասաց նա։

Նշենք, որ ՀԱԿ-ից  դուրս գալու մասին Հայաստանի Ազգային Ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը հայտարարել էր ապրիլի 15-ին։

Նրա տարածած հայտարարության մեջ, մասնավորապես ասվում էր. «Շուրջս ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը, մոլեռանդ շարքերի թշնամանքը, զրպարտելու, պիտակավորելու սկիզբ առած արշավը, այլեւս անհնարին ու իմաստազուրկ են դարձնում վերջին կամրջի պահպանումը:

Սակայն Կոնգրեսից իմ դուրս գալու հանգամանքը ոչ մի կերպ չի նվազեցնում իմ անկեղծ հիացմունքը` հանուն ժողովրդավարական Հայաստանի Հանրապետության երկարամյա պայքարի իմ ընկերների վճռականության ու նվիրվածության հանդեպ»: