Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների զեկույցը ներկաայվելու է արդեն աշնանային նստաշրջանին: Այդ մասին Երեւանում ապրիլի 18-ին կայացած ասուլիսում հայտարարել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Ընդ որում, նա ընդգծել է, թե իր համար զեկույցում որեւէ անակնկալ չի եղել: «Ամեն ինչ սպասելի էր, եւ որեւէ նոր շեշտադրում ես չեմ նկատել»,- խոստովանել է Հարությունյանը: Նա, սակայն, նշել է, թե համազեկուցողները երկրում ընթացող որոշ բարեփոխումներից գոհ էին, որոշների իրականացումից` ոչ:

«Մի բան կարող եմ ասել հստակ. Իմ գնահատականները Հայաստանի իրավիճակի մասին ավելի կոշտ են ԵԽԽՎ համազեկուցողների գնահատականներից: Եթե նրանք գոհ են որոշ բարեփոխումների տեմպերից, ես կարծում եմ, որ անխտիր բոլոր ոլորտներում շատ անելիքներ կան»,- հավաստել է Հարությունյանը` միաժամանակ հավելելով, որ «մարտի 1-ի գործը պետք է շարունակվի եւ հասցվի տրամանաբանական ավարտի»:

Իր հերթին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանելով զեկույցը, նշել է, թե դրա բովանդակությունը իր համար անակնկալ չի եղել: «Կարծում եմ` որոշ քաղաքական ուժերի փորձերը` այդ փաստաթղթում իրենց անհրաժեշտ ենթատեքստ փնտրել, արդարացված չեն»,- ասել է նա:

Նշենք, որ ԵԽԽՎ զեկույցում ասվում է, թե մարտի 1-ի սպանությունների բացահայտված լինելը թունավորում է երկրի մթնոլորտը: Համազեկուցողները դժգոհություն են հայտնել, որ բարեփոխումները կրում են օրենսդրական, ոչ գործնական բնույթ: