Մոսկվայի «Պրեզիդենտ Հոթելում» ապրիլի 15-ին տեղի է ունեցել «Քրդական հարցը ժամանակակից փուլում եւ նրա ազդեցությունը մերձավորարեւելյան տարածաշրջանի եւ Կովկասի վրա» միջազգային գիտաժողով:
Այն կազմակերպել էր Քրդական հասարակական կազմավորումների միջազգային միությունը: Ներկա են եղել Ռուսաստանի մի շարք պետական հաստատությունների ներկայացուցիչներ, վերլուծական, ակադեմիական հաստատությունների, ազգային միությունների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:
Մասնակիցների թվում են եղել նաեւ Թուրքիայի խորհրդարանի անդամ, «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ Օսման Օսչելիկը, Օջալանի փաստաբան Ասիյա Ուլկերը, Քրդստանի Ազգային կոնգրեսի գործադիր խորհրդի անդամ Ջորջ Արիոն:
ՀՅԴ մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ գիտաժողովին մասնակցել է նաեւ ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Յուրա Նավոյանը:
Ազգությամբ քուրդ ելույթ ունեցողները դատապարտել են Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի կողմից իրականացվող քրդերի դեմ քաղաքականությունը:
Թուրքիայի նկատմամբ հնչած պահանջներն են եղել.
- նոր ժողովրդավարական սահմանադրության ընդունում, որը իրավականորեն կերաշխավորի քրդերի ազգային կարգավիճակը,
- Թուրքիայի կազմում Քուրդիստանի ժողովրդավարական ինքնավարության ստեղծում,
- քրդերի դեմ ռազմական գործողությունների դադարեցում,
- քուրդ ազգային առաջնորդ Օջալանի եւ մյուս քուրդ գործիչների ազատում,
- քրդական լեզվի օրենսդրօրեն ճանաչում եւ պետական հաստատություններում նրա օգտագործման նկատմամբ արգելքի վերացում:
Յուրա Նավոյանն իր խոսքում նշել է, որ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների ու հավանական զարգացումների համատեքստում քրդական հարցը տարածաշրջանի զարգացման եւ ուժերի դասավորության վրա էական ազդեցության գործոն դառնալու հավանականություն ունի: ՀՅԴ ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ ճակատագրի նմանություն ունեցող հայ եւ քուրդ ժողովուրդները, պատմական դասերից ելնելով, ցանկացած իրավիճակում ընդունակ են համագործակցություն հաստատել: Յուրա Նավոյանը ներկայացրել է նաեւ Ղարաբաղի խնդրի կարգավորման ընթացքն ու հայկական կողմի տեսակետները, ընդգծել Թուրքիայի ոչ կառուցողական դերակատարությունը այս եւ ուրիշ հարցերի նկատմամբ:





























