Խորհրդարանական մեծամասնությունը շրջանառության մեջ դրեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի հիման վրա ՀՀ-ում մեկ քաղաքական ուժ միանձյա կերպով փոխելու է Սահմանադրությունը եւ դադարեցնելու է Սահմանադրական դատարանի գործունեությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․

«Երկու օր առաջ գրել էի նրա մասին, որ խորհրդարանական մեծամասնությունը չի հետեւելու Վենետիկից եւ Ստրասբուրգից եկող հորդորներին եւ շարունակելու է «Երկքայլային պարզունակ կոմբինացիայի» իրականացումը։

Եվ ահա դեռեւս «երկքայլային պարզունակ կոմբինացիայի» առաջին քայլը չավարտված, խորհրդարանական մեծամասնությունը շրջանառության մեջ դրեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի հիման վրա ՀՀ-ում մեկ քաղաքական ուժ միանձյա կերպով փոխելու է Սահմանադրությունը եւ դադարեցնելու է Սահմանադրական դատարանի գործունեությունը։

Իրավաբանական կրթություն կամ միջին իրավագիտակցություն ունեցող ցանկացած անձ հիանալի կերպով գիտակցում է «Իմ քայլը» խմբակցության քայլերի բացասական հետեւանքները մեր պետականության վրա։

Հ.Գ. Հարցս ուղղում եմ իմ իրավաբան գործընկերներին՝

-Հարգելիներս, երբեւէ որեւէ դասագրքում կարդացել կամ տեսել եք Ազգային ժողովի կողմից սահմանադրական կարգի տապալման նման առերեւույթ օրինակ»։