Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկա, քանի որ ֆինանսավորման դադարեցման մասին հայտնի էր դեռ 2009, եթե ոչ 2008թ., երբ մարտյան իրադարձությունները միջազգային կառույցների կողմից գնահատվեցին որպես երկրում ժողովրդավարության բավարար մակարդակի պակաս: Այսօր` ապրիլի 18-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով Մարի Յովանովիչի հայտարարությունը, թե Միացյալ նահանգների կառավարությունը չի շարունակելու  Հայաստանի ֆինանսավորումը «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրի շրջանակում:

Ըստ Իսկանդարյանի, այդկերպ ԱՄՆ կառավարությունը հասկացնում է Հայաստանին, որ խնդիրներ ունի մարտի 1-ի իրադարձությունների, լեգիտիմ ընտրությունների անցկացման, երկրում քաղաքական վիճակի եւ սոցիալական դժգոհությունների հետ: Ընդ որում, նա նշել է, թե այդ որոշումից տուժելու են ոչ թե նախագահ Սերժ Սարգսյանը կամ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այլ շարքային հողագործները, ովքեր օգտվում էին այդ ծրագրի ֆինանսավորումից:

Այդ կարծիքը չի կիսում փորձագետ Անուշ Սեդրակյանը, ում կարծիքով, ամերիկյան կորպորացիան հասկացնում է Հայաստանի իշխանություններին, թե մեր երկիրը դուրս է ընկնում հավասար հնարավորություններով երկրների ինտեգրացիոն ցանցից: Ըստ նրա, այդ ուղերձը կապված չէ առաջիկա ընտրությունների կազմակերպման հետ. «Ընտրությունների անցկացման լեգիտիմությունը կորպորացիայի համար առաջնահերթ ցուցանիշ չէ, քանի որ կան այնպիսի բաղադրիչներ, ինչպես պետական արդյունավետ կառավարումը, կոռուպցիայի դեմ պայքարը եւ այլն:

ԱՄՆ կառավարությունը «Հազարամյակի մարտահրավերների» վերաբերյալ որոշում է կայացրել մեր պետության ռազմավարության պատճառով Այսպիսով, Հայաստանը դուրս է մնում գլոբալ զարգացման ծրագրից»,- նշել է փորձագետը: