Մոսկվայում ապրիլի 16-ին տեղի է ունեցել «Արդար Ռուսաստան» կուսակցության համագումարը, որին հյուրի կարգավիճակով մասնակցել է նաեւ ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Յուրա Նավոյանը, մասնակցել են նաեւ Հունգարիայի, Բուլղարիայի, Սերբիայի եւ Ֆինլանդիայի սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները:

ՀՅԴ մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ «Արդար Ռուսաստանի» համագումարը ամփոփել է մարտ ամսին տեղի ունեցած մի շարք նահանգների խորհուրդների ընտրությունների արդյունքները, ուր կուսակցությունը բարելավել է իր արդյունքները եւ փոփոխություններ է կատարել կանոնադրությունում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այդ համագումարում  Սերգեյ Միրոնովը  հրաժարական է ներկայացրել կուսակցության նախագահի պաշտոնից եւ  նոր նախագահ է ընտրվել ՌԴ Պետական Դումայում «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար Նիկոլայ Լեւիչեւը:

 Միրոնովը ընտրվել է կանոնադրական փոփոխությամբ ամրագրվա կուսակցության պատգամավորների պալատի նախագահ: Այս մարմնին մաս են կազմում տարբեր մակարդակի հինգ հազար պատգամավորներ: Միաժամանակ Միրոնովը ունենալու է կուսակցության յուրաքանչյուր մարմնի ցանկացած որոշման վրա վետո կիրառելու իրավունք: Դրանով նա պահպանում է կուսակցության փաստացի առաջնորդի հանգամանքը:

2007-ին ՀՅԴ-ն ու «Արդար Ռուսաստանը» Մոսկվայում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել: Երկու կուսակցություններն էլ Սոցինտեռնի անդամ են: