Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 18-ին ընդունել է Ռուսաստանի տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինին, ով Երեւանում է մասնակցելու հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովին:

Նախագահի  մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը կարեւորել է համաժողովի  անցկացումը` հույս հայտնելով, որ նախարար Վիկտոր Բասարգինի այցը եւ համաժողովի անցկացումը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում լուրջ խթան կհանդիսանան: Հայաստանի եւ Ռուսաստանի տարածաշրջանների միջեւ կապերի ամրապնդման եւ համագործակցության ընդլայնման գործում Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ ՌԴ-ի հայ համայնքի ներուժի լիարժեք օգտագործումը:     

Նախարար Վիկտոր Բասարգինը եւս երկու երկրների ռազմավարական հարաբերությունների խորացման եւ ամրապնդման գործում կարեւորելով տարածաշրջանների մակարդակով համագործակցության զարգացումը` նշել է, որ այդ ուղղությամբ ընթացող բանակցություններն ու ձեռք բերված պայմանավորվածություններն ասվածի լավագույն վկայությունն են:

 Հայաստանի եւ Ռուսաստանի տարածաշրջանների միջեւ համագործակցության զարգացման գործում, նախարար Բասարգինի խոսքով, մեծ ներդրում ունի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Դուք վերջին շրջանում Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններ եք այցելել` մեր հեռանկարային մարզերը, որտեղ մենք տեսնում ենք տնտեսական եւ հումանիտար ոլորտների զարգացման մեծ ներուժ: Այսօր ՌԴ ավելի քան 70 սուբյեկտ անմիջականորեն կամ միջնորդավորված համագործակցում է Հայաստանի Հանրապետության հետ»,-ասել է   ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինը: