«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ապրիլի 17-ին հանդիպել են Կոմիտասի անվան պանթեոնում: Տեր-Պետրոսյանն ու Հովհաննիսյանը Պանթեոն էին ժամանել ՀԺԿ հիմնադիր Կարեն Դեմիրճյանի ծննդյան 79-ամյակի առթիվ` հարգանքի տուրք մատուցելու նրա շիրիմին:
Երբ ՀԱԿ առաջնորդը շրջելիս է եղել Պանթեոնում, նրան է մոտեցել Րաֆֆի Հովհաննիսյանը: Երկու գործիչները մոտ 15 րոպե առանձնազրույց են ունեցել` գրավելով բոլոր ներկաների ուշադրությունը:
Թե ինչի մասին են զրուցել նրանք` հայտնի չէ: «Ես տեղյակ չեմ այդ զրույցից: Եթե հրատապ անհրաժեշտություն լիներ, ապա կգումարվեր վարչության նիստ եւ մենք կծանոթանայիք զրույցի բովանդակությանը: Իսկ եթե դա չի արվել, նշանակում է, որ կուսակցության կոլեգիալ որոշում ընդունելու կարիք չկա այդ հանդիպման հետքերով»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա նաեւ նշեց, որ եթե Հովհաննիսյանի եւ Տեր-Պետրոսյանի միջեւ ծավալված լիներ հրատապ լուծումներ պահանջող զրույց, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը կնախաձեռներ կուսակցության վարչության նիստ:
Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ հեռակա բանավեճ էր ծավալվել ՀԱԿ մարտի 17-ի հանրահավքից հետո: ՀԱԿ առաջնորդը հանրահավաքի մասնակիցների հետ մտնելով Ազատության հրապարակ, չողջունեց այդտեղ հացադուլ անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանին:
Այդ քայլից հետո սուր բանավեճ ծավալվեց ՀԱԿ համակիրների եւ «Ժառանգության» ներկայացուցիչների միջեւ, ովքեր միմյան հասցեի սկսեցին տարբեր մեղադրանքներ հնչեցնել:
Լուսանկարը` Արման Վեզիրյանի





























