Վրաստանի հայաբնակ Բոլնիս-Խաչենում ապրիլի 16-ին տեղի է ունեցել հայ գրականության դասական, նշանավոր մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանի հիշատակին նվիրված ավանդական տոնակատարությունը, որն այս տարի համընկել է նրա մահվան 100-ամյա տարելիցի հետ:

Կազմակերպիչների հրավերով տոնակատարությանը մասնակցել են Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, դեսպանության աշխատակիցներ: Հյուրերի թվում են եղել նաեւ Բոլնիսիի գամգեբելի (գործադիր իշխանության ղեկավար) Իոսիֆ Լալիաշվիլին, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթը եւ վիրահայ համայնքի մի շարք մշակութային գործիչներ:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Հայաստանի դեսպանը, ով մասնավորապես ընդգծել է Ղազարոս Աղայանի մեծ ավանդն ազգապահպանության գաղափարի զարգացման եւ իրականացման գործում: