Հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստան պաշտոնական այցով ժամանած Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերին:
ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի խորհրդարանի նախագահը Բելգիայի Սենատի նախագահին շնորհակալություն է հայտնել 1998թ. մարտի 16-ին Բելգիայի խորհրդարանի վերին պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւն ընդունելու կապակցությամբ: Զրուցակիցները համաձայնել են, որ Հայաստանի համարձակ եւ նախաձեռնողական արտաքին քաղաքականության շնորհիվ այսօր իրականություն է դառնում այդ բանաձեւի այն դրույթը, որը հորդորում էր Թուրքիային առանց նախապայմանների բացել սահմանները եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության խնդիրները:
Իր հյուրի խնդրանքով ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանի մոտեցումներն Արցախի հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաեւ հարեւան երկրների հետ հարաբերությունների հարցերում: Զրուցակիցները նաեւ անդրադարձել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին եւ դրա ազդեցությանը երկու երկրների տնտեսությունների վրա:



























