Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը Վատիկանում հանդիպման ժամանակ ծիծաղեցրել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։ ՏԱՍՍ-ի տրամադրության տակ հայտնված տեսանյութի կադրերում երեւում է, որ ավանդաբար Առաքելական գրադարանում կայացած հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում։
Նվերների փոխանակման ժամանակ Զելենսկուն, ով նախկինում կատակերգու է եղել, հաջողվել է ծիծաղեցնել Ֆրանցիսկոսին։
Նվերների շարքում Զելենսկին պոնտիֆիկին է բերել Լվովի Անդրեյ Շեպտիցկիի անվան ազգային թանգարանի արխիվային փաստաթուղթ։ Ինչպես ենթադրվում է, մասնավոր զրույցի ժամանակ շոշափվել է հունահռոմեական եկեղեցու եւ Ուկրաինայում եկեղեցական գործերի թեման՝ Դոնբասում քաղաքացիական հակամարտության ֆոնին։ Ուկրաինական հունահռոմեական եկեղեցու առաջնորդ, Կիեւ-Գալիցյան գերագույն արքեպիսկոպոս Սվյատոսլավը դրական է գնահատել Զելենսկու եւ Ֆրանցիսկոս պապի հանդիպման փաստը։
Հանդիպման վերջում Հռոմի պապը առանձին ողջունել է Ուկրաինայի նախագահի կնոջը՝ Ելենա Զելենսկայային։





























