Խոսակցությունները, թե հեռուստալիքներից մեկով եթեր հեռարձակվող «Ոստիկանները» սերիալի վերնագիրը փոփոխվել է Հայաստանի ոստիկանության եւ սերիալի նկարահանող խմբի միջեւ առկա տարաձայնությունների պատճառով, իրականությանը չեն համապատասխանում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Հայաստանի Ոստիկանության լրատվության վարչության պետի պաշտոնակատար Աշոտ Ահարոնյանը։

«Այն, որ հիմա ֆիլմը կոչվում է «Եզրագծից այն կողմ», իսկ սաունդ-տրեկն էլ փոխվել է, չի նշանակում, որ կողմերի միջեւ տարաձայնություններ կամ անհամաձայնություն կա։ ՀՀ ոստիկանությունն առաջվա նման շարունակում է տեխնիկական եւ խորհրդատվական աջակցություն տրամադրել սերիալի հեղինակներին»,-հավաստիացրեցին ոստիկանությունից՝ կրկին շեշտելով, որ կողմերի միջեւ որեւէ դժգոհություն չկա։

Նշենք, որ ոստիկանների մասին մի նախագիծ էլ վերջերս իրականացվել է նաեւ հարեւան Վրաստանում։ Շաբաթներ առաջ այդ երկրի ներքին գործերի նախարարությունում կայացել է վրացի ոստիկանների մասին համակարգչային 3D խաղի շնորհանդեսը։