Ամերիկացի դիվանագետի տիկին Էն Սաքուլասը, որը մեղադրվում է բրիտանացի դեռահաս Հարի Դանի կյանքը խլած ՃՏՊ-ի համար, իրականում ԿՀՎ-ի գործակալ է, գրում է The Sun-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Դեռ ավելին, պարբերականը նշում է, որ Սաքուլասը զբաղեցնում է շատ ավելի բարձր պաշտոն, քան նրա ամուսինը, սակայն չի զբաղվել ակտիվ գործունեությամբ Մեծ Բրիտանիայում:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Սաքուլասը դիվանագետի տիկին է եւ չի զբաղվում ինչ-որ պաշտոնական գործունեությամբ:
Սակայն բրիտանական ԶԼՄ-ների աղբյուրը հաղորդել է, որ նրանք տեղյակ են եղել կնոջ կենսագրության այդ դրույթի մասին՝ հավելելով. «ԿՀՎ-ից երբեք չեն հեռանում»:
Հիշեցնենք, որ անցած տարվա ամռանը ավտոմեքենան, որի ղեկին էր Սաքուլասը, դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ մահացու հարված հասցրել մոտոցիկլետով բրիտանացի դեռահասին:
Դեպքից անմիջապես հետո Սաքուլասը վերադարձել է ԱՄՆ եւ հայտարարել դիվանագիտական անձեռնմխելիության մասին:
Չնայած Մեծ Բրիտանիայի իշխանությունների բոլոր կոչերին եւ հայտարարություններին՝ ԱՄՆ իշխանություններն այդպես էլ չեն արտահանձնել Սաքուլասին դատարանի առաջ կանգնելու համար:




























