Շվեյցարացիների գրեթե երկու երրորդը (62 տոկոս) կիրակի՝ փետրվարի 9-ին, քվեարկել է երկրի Քրեական օրենսգրքում կատարված փոփոխության օգտին, որը մարդկանց պետք է խտրականությունից պաշտպանի իրենց սեռական կողմնորոշման պատճառով: Էքզիթփոլի այսպիսի տվյալներ են հրապարակվել քվեարկության տեղամասերի փակվելուց հետո կես ժամ անց, հայտնում է DW-ն:

Ընդունված փոփոխությունը նաեւ ընդլայնում է ռասայական պատկանելության համար խտրականության արգելքը՝ կատարված «հրապարակային հայտարարությամբ կամ գործողությամբ, որոնք նվաստացնում են մարդու արժանապատվությունը, ատելություն են առաջացնում եւ սպառնալիքի տակ են դնում հասարակության խաղաղ գոյակցությունը» մարդկանց հետ՝ ելնելով նրանց սեռական նախապատվություններից: Օրենքի խախտումը սպառնում է մինչեւ 3 տարվա բանտարկությամբ կամ տուգանքով:

Պահպանողական Շվեյցարիան, ի տարբերություն արեւմտաեվրոպական շատ երկրների, մինչեւ հիմա օրենսդրական ոչ մի նորմ չուներ, որը սահմանափակում էր սեռական կողմնորոշման հիմքով խտրականությունը: Ավելի վաղ՝ 2018 թվականին Շվեյցարիայի խորհրդարանն ընդունել էր, այսպես կոչված, «հակահոմոֆոբային» օրենքը: Սակայն երկրի ամենախոշոր կուսակցությունը՝ Շվեյցարական ժողովրդական աջ պահպանողական կուսակցությունը անհրաժեշտ 50 հազար ստորագրություն էր հավաքել հանրաքվե անցկացնելու համար: 2019 թվականի հոկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանական վերջին ընտրություններում Շվեյցարական ժողովրդական կուսակցությունն իր ցուցանիշները մի փոքր վատթարացրել էր, սակայն պահպանել էր բոլոր կուսակցությունների թվում առաջին տեղը: