Սահմանադրության 213-րդ հոդվածն, իրոք, ինչ-որ փուլում սպառվելու է. այդ սպառումը վրա է հասնելու այն պարագայում, երբ ՍԴ-ում չմնա որեւէ դատավոր, որը նշանակվել է մինչեւ գործող Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, եւ այդ կարգով նախատեսված հաջորդականությամբ կընտրվեն բոլոր գործող դատավորները: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողոբվի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների նախագծին:
«Այս պարագայում այդ դրույթը իրացված չէ եւ ՍԴ 9 դատավորներից 7-ի այնտեղ գտնվելու հիմքը հենց այդ 213-րդ հոդվածն է»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Էդմոն Մարուքյանը շարունակում է պնդել, որ հակասահմանադրական, հակաիրավական գործընթաց է տեղի ունենում, որ անձի վիճակը վատթարացնող դրույթները հետադարձ ուժ չեն կարող ունենալ, Վլ. Վարդանյանն ասաց. «Ինչ վերաբերում է կարգավիճակը վատթարացնող կամ բարելավող նորմին, թողնենք դա առանց մեկնաբանության, որովհետեւ մենք գործ ունենք անձա՞նց հետ, թե՞ գործ ունենք ինստիտուտների հետ: Եթե ՍԴ դատավորը ինստիտուտ է, ապա այստեղ կարգավիճակի վատթարացման մասին գաղափար չեմ տեսնում: Եթե սա դիտարկում ենք մարդու իրավունքների համատեքստում, ապա սրա պատասխանը թող տան դատական համակարգի մարմինները եւ այլն»:
Նա նշեց, թե ինչու են որոշել հարցը լուծել հանրաքվեի միջոցով, թեեւ հնարավոր էր դա անել նաեւ ԱԺ-ի միջոցով. «ՍԴ-ն կոչված է, որ լուծի վեճերը սահմանադրական մարմինների միջեւ, օրինակ, եթե վեճն է առաջացել է կառավարության եւ ՀՀ նախագահի ինստիտուտի, կառավարության եւ ԱԺ-ի միջեւ եւ այլն: Ցավոք, ժամանակակից Սահմանադրությունները չեն պատասխանում այն հարցին, թե ինչ անել, եթե վեճը լուծող մարմնի հետ է վեճ առաջանում: Ես համոզված եմ, որ Սահմանադրության 213-րդ հոդվածը չէր կարող փոխվել ԱԺ կողմից, թեեւ Սահմանադրության մեջ գրված է, որ դա նաեւ ԱԺ-ի տիրույթում է: Որովհետեւ պարզ գրված է, որ այդ հոդվածն ամբողջությամբ վերաբերվում է դատական իշխանությանը, իսկ դատական իշխանության գլուխը փոփոխման ենթակա է միայն հանրաքվեի միջոցով:
Եթե դու չունես այլ սահմանադրական լուծում, եթե դու ՍԴ-ն որպես այդպիսին, այս հարցով անձնական շահագրգռվածություն ունի, տվյալ պարագայում հարցն ուղարկել ՍԴ եւ ակնկալել որոշում, որը քիչ թե շատ օբյեկտիվ կլինի, խնդրահարույց է: Տվյալ դեպքում կա մի լուծում՝ դիմել ժողովրդին եւ հարցնել՝ ի վերջո ժողովուրդն ինչ կարծիքի է գործող կարգավորումների մասին եւ այն կարգավորումների մասին, որոնք թույլ կտան, որ ամբողջութամբ գործադրվի Սահմանադրությունը»,-հայտարարեց նա:
Նշենք, որ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանգիր, ըստ որի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Այս փոփոխություններով նախատեսվում է, որ 2018-ի ապրիլից առաջ ընտրված ՍԴ անդամների լիազորությունները դադարում են: ՍԴ 9 հոգանոց կազմից 7-ը ընտրվել են մինչեւ 2018-ի ապրիլը:



























