Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին այսօր՝ փետրվարի 10-ին, գործով ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ նրա խափանման միջոց կալանքը գրավի դիմաց փոփոխելու համար։ Այս մասին NEWS.am-ին ասաց տուժողի իրավահաջորդ Անի Թորոսյանը։

Նա հայտնեց, որ գրավի չափը սահմանել են 1 մլն դրամը։

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։

Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: