Երեքշաբթի Իրաքի «Ար Ռաշիդ» արբանյակային հեռուստաալիքի ղեկավարներից մեկը սպանվել է Բաղդադում, հայտնում է Baghdad Al Youm լրատվական պորտալը:
Պորտալի տեղեկություններով՝ հեռուստակայանի գլխավոր կառավարիչ Նիզար Թանունը գնդակահարվել է Իրաքի մայրաքաղաքի արեւմուտքում գտնվող իր տանից դուրս գալուց հետո: Մոտոցիկլետով հարձակվողները նրա վրա կրակել են, ապա փախուստի դիմել անհայտ ուղղությամբ:
Հանցագործության շարժառիթներն առայժմ հայտնի չեն: «Ար Ռաշիդը» անկախ ալիք է, որը հեռարձակվում է Բաղդադից՝ հանդիսատեսին ներկայացնելով ինչպես լրատվական ծրագրեր, այնպես էլ զվարճալի շոուներ:
Մեկ ամիս առաջ՝ հունվարի 10-ին, նույնպիսի հանգամանքներում զոհվել էին «Դիջլյա» արբանյակային հեռուստաալիքի երկու լրագրողներ՝ թղթակից Ահմեդ Աբդել Սամադը եւ օպերատոր Սաֆա Գալին: Բասրա քաղաքում նրանց գնդակահարել էին անհայտ անձինք, երբ լուսաբանում էին այնտեղ ընթացող բողոքի ցույցերը:




























