ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսելով Իդլիբի գոտում Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ հասունացող հակամարտության կարգավորման ուղիների մասին՝ շեշտել է, թե «ներկա պահին մենք ավելի կարեւոր ենք համարում Սոչիի պայմանավորվածությունների կատարումը», փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«Սա եղել է եւ մնում է անչափ կարեւոր»,- ասել է նա:
«Եվ, իհարկե, ցանկացած ահաբեկչական ակտիվության կանխումը, որն ուղղված է Սիրիայի զինված ուժերի եւ ռուսական ռազմական օբյեկտների դեմ: Մենք Իդլիբից ցանկացած հարձակում անթույլատրելի ենք համարում»,- հայտարարել է Պեսկովը:
Կրեմլում մեծ մտահոգություն են հայտնել Իդլիբում ահաբեկիչների «արտոնյալ վիճակի» կապակցությամբ եւ հիշեցրել Թուրքիայի պատասխանատվության մասին այս գոտում Սոչիի հուշագրին համապատասխան կարգավորման համար:
«Այս իրավիճակը Կրեմլին մտահոգում է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այս ահաբեկչական խմբավորումները երկար ժամանակ Իդլիբի գոտում իրենց բավական արտոնյալ են զգում: Եվ գլխավորը՝ ոչ միայն իրենց ուղղակի արտոնյալ են զգում, այլեւ սիրիացիների եւ մեր օբյեկտների դեմ հարձակումներ եւ ագրեսիվ գործողություններ են կազմակերպում»,- ասել է Պեսկովը:
Հարցին՝ այս իրավիճակի կարգավորման պատասխանատվությունն արդյոք թուրքակա՞ն կողմի վրա է, Պեսկովը պատասխանել է. «Դա գրանցված է Սոչիի համաձայնագրի տեքստում, մենք ոչ մի գնահատական չենք տալիս, մենք արձանագրում ենք ստորագրված փաստաթղթի տեքստը, այստեղ որեւիցե գնահատական եւ մեկնաբանություններ թույլ տալու տեղ չկա»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 10-ին ի պատասխան Իդլիբում գնդակոծության, որին զոհ էին գնացել Թուրքիայի 5 զինծառայողներ, թուրքական հրետանին հարվածներ էր հասցրել Սիրիայի կառավարական ուժերի դիրքերին: «Անադոլու» գործակալության տեղեկացմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտարարել էին, որ այդ հարվածների հետեւանքով չեզոքացվել են 101 սիրիացի զինծառայողներ, խփվել է Սիրիայի ԶՈՒ ուղղաթիռ:
Թուրքիայի իշխանություններն անցյալ շաբաթ հայտնել էին, որ Իդլիբում թուրք զինվորականները հայտնվել էին սիրիական կառավարական ուժերի հրետանային գնդակոծության տակ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ գնդակոծության հետեւանքով զոհվել է 8 մարդ:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պնդել էր, որ թուրքական զինված ուժերը ի պատասխան գնդակոծության հարվածներ են հասցրել սիրիական ուժերի 54 թիրախների եւ ոչնչացրել սիրիացի 70-ից ավելի զինվորի:
Վերջին օրերին Անկարայում ընթանում էին Իդլիբի իրավիճակի շուրջ Թուրքիայի եւ Ռուսաստանի պատվիրակությունների բանակցությունները: Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքի խոսքով՝ բանակցությունները դեռեւս շոշափելի արդյունքներ չեն ունեցել:




























