Քիչ առաջ Երեւանի Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է հայտնի բռնցքամարտիկ, Եվրոպայի եւ ԽՍՀՄ չեմպիոն, ՀԱԿ համակիր Սամսոն Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Այսօր մեկնարկել է առաջին դատական նիստը` դատավոր Միթար Պապոյանի նախագահությամբ: Դատական նիստի ժամանակ Սամսոն Խաչատրյանի փաստաբան Արա Զաքարյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ փոխվի խափանման միջոց կալանքը եւ նա գրավի դիմաց ազատ արձակվի: Փաստաբանը նշեց, որ բազմաթիվ պատգամավորներ, հասարակական գործիչներ երաշխավորել են, որ Սամսոն խաչատրյանը, մնալով ազատության մեջ չի խոչընդոտի դատաքննությանը, պատշաճ կներկայանա դատարան: Արա Զաքարյանը նշել է, որ կարող են մինչեւ 2 մլն դրամ գրավ մուծել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը NEWS.am-ին հայտնում է, որ դատախազ Աֆանդյանը առարկել է միջնորդությանը, իսկ գործով տուժողներ ճանաչված ոստիկանները հայտնել են, թե կարծիք չունեն` թողնելով դատարանի հայեցողությանը:
Դատավոր Պապոյանը խորհրդակցական սենյակում քննել է պաշտպանի միջնորդությունը, որից հետո վերադառնալով նիստերի դահլիճ` մերժել է միջնորդությունը:
Դատարանի դահլիճում հավաքված են մեծաթիվ անձինք` Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ եւ Սամսոն Խաչատրյանի մտերիմները:
Բռնցքամարտիկին դահլիճում դիմավորել են ՀԱԿ-ի ավանդական կարգախոսներով` «Հաղթելու ենք», «Թունիսիլ տենք» եւ այլն:
Սամսոն Խաչատրյանը ձերբակալվել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մարտի 1-ի հանրահավաքից հետո` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: ՀԱԿ-ը նրա ձերբակալությունը քաղաքական հետապնդում է համարում:





Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























