Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին հավատարիմ զինվորականները, հնարավոր է, հրթիռները տեղակայել են ահռելի ստորգետնյա թունելներում, որոնք նախկինում օգտագործվել են ոռոգման համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»` մեջբերելով The Guardian-ը:

Այդ թունելները ստեղծվել են Սահարայում մեծ խորության տակ ջրի արդյունահանման համար նախագծի շրջանակներում: «Այդ ահռելի բետոնե թունելները, հավանաբար, հրաշալի են տանկերն ու հրթիռները ՆԱՏՕ-ի ավիահարվածներից պաշտպանելու համար»,- ասված է հոդվածում:

Թերթն ընդգծում է, որ դաշինքում խուսափում են գնահատական տալ, թե ինչ վիճակում է գտնվում լիբիական բանակը: Առ այսօր ՆԱՏՕ-ում դժգոհություն են հայտնել, որ լիբիացիները զինատեսակները տեղակայում են բնակելի թաղամասերում, դպրոցների եւ մզկիթների մոտ: