Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` ապրիլի 19-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ բարձր գնահատել տարիներ ի վեր Քոքսի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին ու Արցախին, նրա կողմից ծավալած մարդասիրական գործունեությունը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Է. Նալբանդյանը նշել է, որ հայ ժողովուրդը շնորհակալ է բարոնուհուն իր հայանպաստ գործունեության համար:
Բարոնուհի Քոքսը, ընդգծելով, որ 1988 թ.-ից սերտորեն կապվել է Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ եւ իրեն համարում է հայ ժողովրդի բարեկամը, ասել է, որ շարունակելու է իր գործունեությունը ի նպաստ հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման:
Արտգործնախարարը կարեւորել է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը ինչպես երկկողմ այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում: Արծարծվել է ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունը:
Նախարար Նալբանդյանն ու բրիտանացի խորհրդարանականները քննարկել են հայ-բրիտական փոխգործակցության խորացման հեռանկարները:
Զրուցակիցները քննարկել են հայ-բրիտանական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր: Այդ ենթատեքստում երկուստեք կարեւորվել է այս տարվա մարտին ԱԺ նախագահի` Լոնդոն կատարած այցելությունը եւ ՄԹ խորհրդարանի երկու պալատների ղեկավարների հետ ունեցած հանդիպումները:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությանը եւ այդ ձեւաչափում ընթացող գործընթացներին:
Քերոլայն Քոքսի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:





























