Իդլիբում սիրիական կառավարական բանակի նպատակն է չեզոքացնել ահաբեկիչներին, այլ ոչ թե պատերազմել խաղաղ բնակչության դեմ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Ինչ վերաբերում է Իդլիբի ուղղությամբ հարվածներին, որոնք իրականացնում են սիրիացի զինվորականները, հարվածներ են ահաբեկիչների, այլ ոչ թե քաղաքացիական անձանց ուղղությամբ»,- ասել է նա՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը:
Ավելի վաղ Էրդողանը Մոսկվային եւ Դամասկոսին մեղադրել է Իդլիբում խաղաղ բնակիչների ուղղությամբ հարվածներ հասցնելու մեջ եւ հայտարարել, որ Անկարան մտադիր է հարձակվել սիրիացի զորքերի վրա նույնիսկ դեէսկալացիայի գոտուց դուրս, եթե Դամասկոսը շարունակի հարձակումը:
Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան 2017 թվականի մայիսին Աստանայում պայմանավորվել են Սիրիայում դեէսկալացիայի 4 գոտի ստեղծելու մասին: Դրանցից 3-ը 2018 թվականին անցել են Դամասկոսի հսկողության տակ: Չորրորդը, որը գտնվում է Իդլիբում եւ հարեւան Լաթաքիայում, Համայում եւ Հալեպում, դեռեւս չի հսկվում կառավարական զորքերի կողմից, դրա մի մասը գրավել են «Ջաբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչները:
2018 թվականի սեպտեմբերին Մոսկվան եւ Անկարան Սոչիում համաձայնագիր են ստորագրել Իդլիբում ապառազմականացման գոտի ստեղծելու մասին, որտեղ գտնվում է ավելի քան տասնյակ տարբեր կազմավորումներ: Դրանցից ամենախոշորը թուրքամետ «Ազատագրման ազգային ճակատը» եւ «Ջաբհաթ ան-Նուսրան» են, ընդհանուր առմամբ մոտ 30 հազար գրոհային:
Սիրիական բանակն այս տարվա հունվարի 26-ին հարձակում է սկսել Հալեպի արեւմուտքում՝ կապված ահաբեկիչների կողմից քաղաքի բնակելի թաղամասերի հրթիռակոծումների հետ, որոնց արդյունքում տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել:
Իդլիբում իրավիճակի սրման ֆոնին Անկարան եւ նրա գործընկերների մի մասը մարդասիրական օբյեկտների եւ թուրք զինվորականների ուղղությամբ հարվածներ հասցնելու մեջ մեղադրում են Դամասկոսին եւ Մոսկվային: Ռուսաստանը եւ Սիրիան բազմիցս հայտարարել են, որ տարածաշրջանում անկայունության պատճառը ահաբեկիչների գործողություններն են:




























