Դժվար կլինի մեծ թվով մարդկանց բերել հանրաքվեի քվեարկությանը: Այս մասին փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա նկատեց, որ մարդիկ այդքան էլ շահագրգիռ չեն նման տեսակի գործընթացներին, քանի որ նրանց դժվար է բացատրել, օրինակ, թե ինչու է պետք փոխել Սահմանադրությունը: Նրա գնահատմամբ՝ հանրաքվեի անցկացումն ու Սահմանադրության մեջ կետի փոփոխությունը բավարար չեն՝ քաղաքական համակարգում լուրջ փոփոխություններ կատարելու համար:
«Բոլոր գործընթացները, լինի դա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ դատական գործը, ՍԴ նախագահի շուրջ պրոցեսները եւ այլն, միայն մեխանիզմներ եւ գործիքներ են այլ, ավելի գլոբալ նպատակի համար: Խնդիրն այն է, որ անցումային երկրներում, որոնց թվում է Հայաստանը, դժվար է պատկերացնել, որ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, երբ հին ու նոր իշխանությունների ներկայացուցիչները կարողանան համագոյակցել, այն էլ՝ հետհեղափոխական շրջանում: Մարդիկ, որոնք իշխանություն են ստացել, միշտ ցանկանում են ավելին ու ավելին եւ առավելագույնս երկար ժամկետով»,- նշեց Իսկանդարյանը:
Քաղաքագետը շեշտեց, որ կարելի է իշխանության նույնպիսի տարանցում սպասել նաեւ Ղարաբաղում ընտրությունների արդյունքներով, որի մեջ, ամենայն հավանականությամբ, մարդիկ կհայտնվեն, որոնք կկարողանան ավելի հեշտ փոխգործակցել Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ: «Հայաստանում քաղաքական համակարգն այնպիսին է, որ հաղթողը ստանում է ամեն ինչ, եւ այդպիսի պատկեր է եղել բոլոր երեք նախագահների օրոք: Ուստի քաղաքական իշխանության հաղթանակը դատականի նկատմամբ ժամանակի հարց է: Եթե գործադիր, օրենսդիր եւ տեղական իշխանությունները վերցվել են կարգախոսի ներքո եւ ժողովրդական կամքի օգտագործմամբ, ապա դատական իշխանության դեպքում իրավաբանական տեսակետից դա անելն ավելի դժվար է: Բայց մենք խոսում ենք պետական մեքենայի մասին, որին գործնականում անհնար է դիմակայել: Նա այս ընթացքում փորձել է տարբեր մեթոդներ կիրառել, այդ թվում՝ վեթինգը, անցումային արդարադատությունը, դատարանների շենքերի շրջափակումը, իսկ հիմա որոշել է գնալ հանրաքվեի ճանապարհով, եւ կարծում եմ, որ ավելի շուտ կհաջողի, քան ոչ: Եթե ոչ, ապա իշխանությունները փնտրելու են այլ միջոցներ եւ անպայման գտնելու են»,- եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 5-ին տեղի է ունենալու սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվե:





























