ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայության վարչություններից մեկի նախկին պետ Վիկտոր Սվիրիդովը Մոսկվայի Չերտանովյան դատարանում վճռի հրապարակումից հետո ինքնասպանություն է գործել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով դատարանի մամուլի ծառայությանը։

«Չերտանովյան դատարանում, իսկապես, տեղի է ունեցել միջադեպ։ Դատավճռի հրապարակման ժամանակ դատապարտյալը, գտնվելով դատարանի դահլիճում, այն բանից հետո, երբ դատավորը հրապարակեց նշանակված պատիժը, ինքնասպանություն գործեց։ Հանգամանքները, որոնց պայմաններում դատապարտյալը (նախկինում չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ էր արձակվել) դատարանի դահլիճ զենք է տարել, ներկայում պարզվում է»,- ասել են մամուլի ծառայությունում։

Սվիրիդովը տեղում մահացել է։ Տեղեկացվում է, որ նա ինքնասպանություն է գործել այն պահին, երբ ցանկացել են տանել ազատազրկման վայր։

Ինչպես հայտնում է РБК-ն, որի թղթակիցը ներկա է եղել դեպքի վայրում, Սվիրիդովին հաջողվել է դատարանի դահլիճ տանել պարգեւատրում ստացած զենքը։ Baza-ն հայտնում է, որ դա տեղի է ունեցել, քանի որ մուտքի մոտ խուզարկության ժամանակ մետաղադետեկտորը չի աշխատել։ Կատարածուն Սվիրիդովին ձեռքերով է խուզարկել, սակայն արգելված առարկաներից նրա մոտ միայն ալկոհոլով տափաշիշ է գտել։

Mash-ը գրում է, որ Սվիրիդովը հիվանդ էր 4-րդ աստիճանի քաղցկեղով, որի հետ կապված՝ ե՛ւ պաշտպանությունը, ե՛ւ տուժող կողմը խնդրել էին դատարանին մեղմել նրա պատիժը (Նա Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը հետեւանքները վերացնողներից էր)։  

Դատարանում հայտնել են, որ Սվիրիդովին նվազագույնից էլ ցածր պատիժ են նշանակել։ Հատկապես խոշոր չափերի շորթման (նախատեսվում է 7-15 տարվա ազատազրկում) համար նրան երեք տարվա ազատազրկման էին դատապարտել։

ՏԱՍՍ-ի տվյալներով՝ Սվիրիդովը նախկինում գլխավորել է ՌԴ ՊԿԴԾ տրանսպորտային վարչությունը եւ պաշտոնից հեռացել է հինգ տարի առաջ։