Չինաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը թույլ է ազդում Հայաստանի տնտեսության վրա: Այս մասին փետրվարի 12-ին ԱԺ նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին:

Նախարարի խոսքով՝ առաջին հերթին Չինաստանում տրանսպորտային սահմանափակումները եւ արդյունաբերական արտադրության անկումը կարող են ազդել պղնձի գների վրա:

Նա պարզաբանեց, որ տնտեսական անկման դեպքում տնտեսությունը նաեւ քիչ նավթ կսպառի: Հայաստանի վրա այդ ազդեցությունը թույլ է:

Միեւնույն ժամանակ, Հայաստանն անուղղակի ազդեցությունը կարող է զգալ նավթի գների կտրուկ անկման դեպքում: Այդ դեպքում կբարդանա Ռուսաստանի տնտեսության իրավիճակը, ինչը կարող է ազդել աշխատանքային միգրանտների եկամուտների վրա:

Խաչատրյանի խոսքով՝ եւս մեկ գործոն են Չինաստանից ժամանող զբոսաշրջիկները:

«Սակայն ի տարբերություն շատ այլ երկրների՝ Հայաստանում նրանք այդքան էլ շատ չեն»,- նկատեց նախարարը՝ հավելելով, որ այդպիսով որեւէ բարդացում Հայաստանի տնտեսության համար չի սպասվում: