Երեւանում այսօր` ապրիլի 19-ին ստորագրվել են մի շարք փաստաթղթեր` միտված Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության խորացմանը: Փաստաթղթերը ստորագրվել են Երեւանում ընթացող հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում:
Հայաստանի տարածքային կառավարման եւ ՌԴ տարածքային զարգացման նախարարությունների միջեւ ստորագրվել է հուշագիր միջտարածքային համագործակցության ոլորտում, համաձայնագրեր առեւտրա-տնտեսական, գիտագեխնիկական եւ մշակութային համագործակցության մասին` Հայաստանի կառավարության եւ չելյաբինսկի մարզի կառավարության, Հայաստանի եւ Կրասնոդարի մարզի միջեւ, ՌԴ Նիժեգորոդյան մարզի եւ Վայոց ձորի մարզի միջեւ:
Ստորագրվել է համատեղ գործողությունների ծրագիր` ՌԴ զբոսաշրջության դաշնային գործակալության եւ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության միջեւ: Փաստաթղթեր են ստորագրվել «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի եւ տրանսպորտի ու կապի նախարարության, ռուսական ՄԱԿՍՄ նախագծի եւ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի միջեւ:





























