Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանն ապրիլի 18-ին հանդիպել է Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում Վատիկանի առաքելական նվիրակ Կլաուդիո Գուջերոտիի հետ եւ քննարկել Վրաստանում կրոնի ազատության, ավանդական դավանանքների եկեղեցիների համար իրավաբանական կարգավիճակի տրամադրման հարցեր:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կլաուդիո Գուջերոտին հանդիսանում է Վրաստանում դիվանագիտական կորպուսի ավագ ներկայացուցիչը` ծառայելով այստեղ 2001 թվականից: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայոց եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ  Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Հանդիպման ավարտին Կլաուդիո Գուջերոտին ջերմորեն շնորհավորել է Հայաստանի դեսպանին առաքելության ստանձման կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման գործում: