Հայաստանի քաղաքական դաշտը հայտնվել է գրոհի տակ, որը կազմակերպվում է դրսի ուժերի կողմից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 19-ին հայտարարեց Աժ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա նշեց, որ այդ գրոհը տեղի է ունենում Հայաստանի համար կարեւոր  նշանակություն ունեցող չորս էական հարցերի «տաքացման» միջոցով:  

Առաջինն, ըստ Սաֆարյանի, մարտի 1-ի եւ քաղբանտարկյալների խնդիրն է, որի մասին խոսվում է եւ ՀՀ հարցով համազեկուցողների հայտարարության, եւ ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած զեկույցում:  

Մյուս խնդիրն, ըստ Ստեփան Սաֆարյանի, Ղարաբաղի հարցի ջերմացումն է, ինչի վկայություն է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոնի հայտարարությունը, ըստ որի ԼՂ հակամարտության կողմերը 2001 թվականին Քի Վեստում մոտ էին հարցը կարգավորելուն: «Ժառանգության» ներկայացուցիչը այս հայտարարության պատասխան է համարում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը BBC-ին, որի ընթացքում Տեր-Պետրոսյանը նույնպես պնդում է, թե կողմերը 1997-ին  մոտ էին ԼՂ խնդրի կարգավորմանը:

Հայաստանի քաղաքական դաշտի դեմ դրսից կազմակերպված գրոհի մյուս ուղղությունն էլ, ըստ Սաֆարյանի, հայ-թուրքական գործընթացն է, որը շարունակվում է սառեցված մնալ: Չորորդ ուղղությունն էլ, բանախոսի դիտարկմամբ, «Հոկտեմբերի 27»-ի թեման է, որը կրկին հայտնվել է հայկական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: «Այդ հրապարակումներն ունեն կոնկրետ նպատակներ եւ հասցեատերեր»,-նկատեց Սաֆարյանը:

Ըստ նրա` իր կողմից նշված ուղղություններով գրոհները լուրջ մարտահրավերներ են ուղղված թե’ Հայաստանի, թե’ Հայաստանի  իշխանություննների դեմ: Ուստի, ըստ նրա, իշխանությունն ու ընդդիմությունն այդ հարցերի առնչությամբ պետք է հստակ պատասխան տան եւ դիրքորոշում հայտնեն: