Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը դառնում է Դեմոկրատական կուսակցությունից նախագահական հավանական թեկնածուներից մեկը, ինչը աննկատ չի մնացել Դոնալդ Թրամփի կողմից, որը նրա հասցեին քննադատական դիտողություններով է սկսել հանդես գալ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Բլումբերգի անունը բացակայում էր Այովայում եւ Նյու Հեմփշիրում երկու առաջին քվեարկությունների մասնակիցների ցուցակում։ Նա նաեւ չի մասնակցի Նեւադայում եւ Հարավային Կարոլինայում նախնական ընտրություններում։ Սակայն Բլումբերգը հեռուստագովազդի վրա ավելի քան 300 մլն դոլար է ծախսել իր անձնական միջոցներից եւ աշխատակիցներ է հավաքել 14 նահանգներում, որտեղ կանցկացվեն քվեարկություններ եւ այսպես կոչված «սուպեր երեքշաբթին», մարտի 3-ը՝ այլ նահանգներում դեմոկրատ-ընտրողների սրտերը գրավելու հույսով։
Հինգշաբթի Թրամփը Բլումբերգին մի քանի զավեշտալի թվիթ էր նվիրել։ «Մինի-Մայք Բլումբերգը անհաջողակ է, որն ունի փող, որը, սակայն, չի կարողանում բանվեճեր վարել եւ բոլորովին խարիզմա չունի։ Այ, կտեսնեք,- գրել է նախագահը,- Նա հիշեցնում է ինձ Ջեբ Բուշի փոքրացված տարբերակը, սակայն նա գոնե մեծ քաղաքական փորձ ունի եւ ավելի լավ է վերաբերում աֆրոամերիկյան համայնքին»։
«Մինի-Մայքը 160 սանտիմետրանոց զրոյական էներգիայի խտացում է։ Չարժի որ նա պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների հետ մասնակցի դեբատների»,- գրել է Թրամփը մեկ այլ թվիթում։
Նախօրեին զրուցելով լրագրողների հետ՝ Թրամփն ասել էր․ «Անկեղծ ասած՝ ես կգերադասեի պայքարել Բլումբերգի դեմ, ոչ թե Բերնի Սանդերսի, քանի որ Սանդերսն իսկական հետեւորդներ ունի, անկախ այն բանից, դուր է գալիս նա ձեզ, թե ոչ։ Ես անձամբ կարծում եմ, որ այն, ինչ նա ասում է, սարսափելի է, բայց նա հետեւորդներ ունի»։
Բլումբերգը, որի հասակն իրականում 170 սմ է, ոչ թե 160 սմ, Թրամփի հերթական ծաղրից հետո ասել է․ «Այնտեղ, որտեղ դա կարեւոր է, ես երկու անգամ բարձր եմ նրանից։ Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ այդպիսի թեկնածուները, ինչպիսին ես եմ, բարձր վարկանիշ են ունենում։ Մնացած թեկնածուները հանկարծ վախենում են։ Ահա թե ինչու նա թույլ է տալիս իրեն նման մեկնաբանություններ իմ հասցեին»։





























