Ցեղասպանության ճանաչման հարցում հայերը պետք է օրինակ վերցնեն հրեաներից: Այդ մասին այսօր` ապրիլի 19-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմմա Վարժապետյան-Ֆելլերը:
Նրա կարծիքով, աշխարհին Հայոց ցեղասպանության մասին տեղեկացնելու հարցում հայերը պետք է օրինակ վերցնեն հրեա ժողովրդից. «Աշխարոհւմ կան շատ մարդիկ, ովքեր պատկերացում չունեն Հայոց ցեղասպանության մասին: Դուք պետք է անեք ամեն ինչ, ինչպես անում ենք մենք, անում են պրոֆեսիոնալները: Ամենակարեւորը` ներկայացնել տեղեկատվությունը, գոռալ, բղավել եւ գործել»:
Ելնելով հրեաների փորձից, նա նկատել է, որ ոչ մի հարուստ հրեա չի վախենում իր գումարները տալ տեղեկատվության համար եւ իր պարտքն է համարում անել դա: Համեմատության համար Վարժապետյան-Ֆելլերը նշել է, թե «թուրքերը, ադրբեջանցիներն ու մահմեդականները կարողանում են կաշառել»: «Հայաստանի դիվանագիտությունն այդ հարցում պետք է ավելի կոմպլեմենտար լինի: Գլուխս եմ խոնարհում հայերի առջեւ, նրանք անկաշառ են, ազնիվ եւ միամիտ իրենց աշխարհայացքում եւ գործողություններում, բայց քաղաքականության մեջ դրանք այնքան էլ լավ որակներ չեն»,- ընդգծել է նա:





























