Մասնակցությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընկերությունում դրամահավաքի միջոցառմանը ռեկորդային գումար կարժենա: Ըստ The Week-ի` եթե դուք ցանկանում եք շաբաթ երեկոյան այցելել Պալմ Բիչում նախատեսված նախագահ Թրամփի դրամահավաքը, ապա ավելի լավ կլինի վաճառել Ռենուարի կտավը, արագ ամուսնանալ օլիգարխի հետ, երիկամը վաճառել մեկին, ով իրոք դրա կարիքը ունի կամ Մայք Բլումբերգից վարկ խնդրել:
Ըստ The Washington Post-ի՝ նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել միջոցառմանը, որը տեղի է ունենալու միլիարդատեր ներդրող Նելսոն Պելցի ծովափնյա տանը, յուրաքանչյուր զույգի համար կարժենա 580.600 դոլար: Սա Թրամփի մասնակցությամբ դրամահավաքի ամենաթանկ միջոցառումն է նրա պաշտոնավարումից ի վեր: Հյուրերը կարող են ընթրել եւ լուսանկարվել նախագահի հետ: Սպասվում է մոտ 30 հյուր: Այս իրադարձությունն ավելի քան 10 միլիոն դոլար կբերի Թրամփի վերընտրման համար:
2017-ի հոկտեմբերից ի վեր Թրամփն առնվազն 48 ճաշի եւ կլոր սեղանի շուրջ քննարկումների է մասնակցել առաջատար հանրապետական դոնորների հետ, հայտնում է Post-ը: Այս բոլոր միջոցառումների տոմսերի արժեքը սկսվել է 50.000 դոլարից: Ընտրարշավի ներկայացուցիչները թերթին հայտնել են, որ, թեեւ Գաղտնի ծառայությունը ստուգում է մասնակիցների կենսագրական տվյալները, Սպիտակ տունը հյուրերին չի ստուգում:
Հանրապետական ազգային կոմիտեի խոսնակ Մայք Ռիդը հայտարարել է, որ Թրամփը «ամենահասանելի նախագահն է պատմության մեջ», եւ «այդ կլոր սեղանները, որոնց մասնակցել են նաեւ նախորդ նախագահներ, մեր կողմնակիցներին հնարավորություն են տալիս թարմ տեղեկատվություն ստանալ քարոզարշավի եւ նախագահի մասին»:





























