Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման «գնացքն» արդեն շարժվել է, եւ այն հնարավոր չէ կանգնեցնել, քանի որ ճանաչման գործընթացը հենվում է անհերքելի ապացույցների վրա։ Ապրիլի 19-ին «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Կայսրությունում» թեմայով կազմակերպված հեռուստակամուրջի ժամանակ այս մասին կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, փորձագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նա ընդգծեց, որ վաղ թե ուշ Հայոց ցեղասպանության փաստը կընդունի նաեւ Թուրքիան։ «Հայոց ցեղասպանությունը չճանաչող գերտերությունների դիրքորոշումը բացառապես պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով, եւ ոչ թե, այն հանգամանքով, թե նրանք թերահավատություն ունեն իրականացված ցեղասպանության պատմական իրողության նկատմամբ»,- ասաց փորձագետը՝ ավելացնելով, որ Հայոց ցեղասպանությունը հերքող որեւէ լուրջ աշխատություն գոյություն չունի, եւ փոխարենը կան Ցեղասպանությունը հաստատող 100 հազարավոր փաստաթղթեր։