Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի կողմից քրդական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուների՝ ընտրությունների մասնակցության վրա վետո դնելուց հետո, Թուրքիայի մի շարք քաղաքներում քուրդ բնակչությունը բողոքի ակցիաներ է իրականացնում։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արեւելյան Վան եւ Հաքքարի քաղաքներում բնակիչներն ի նշան բողոքի դուրս են եկել փողոց, հրդեհել եւ ջարդել այն պետական շինությունները, բանկերն ու առեւտրային տաղավարները, որտեղ Թուրքիայի դրոշն է կախված եղել։
Ոստիկանությունը քուրդ բնակչության բողոքի ակցիան ցրելու համար օգտագործել է արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ։ Վանում բողոքավորների հետ բախման ընթացքում 2 ոստիկան է վիրավորվել:
Նշենք, որ Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը որոշում էր կայացրել վետո դնել 12 անկախ թեկնածուների մասնակցության վրա: Այդ թեկնածուների թվում են քրդական կուսակցության հայտնի ներկայացուցիչներ՝ Հաթիփ Դիջլեն, Լեյլա Զանան, Գյուլթան Քըշանաքը, Սաբահաթ Թունջելը եւ այլոք։
Քրդական կուսակցության ներկայացուցիչներն այս որոշման մեջ մեղադրել են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը եւ հայտնել, որ քննարկում են ընտրությունները բոյկոտելու տարբերակը։





























