Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր` ապրիլի 19-ին ընդունել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նա նշել է, որ այսօր տեղի ունեցած հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության առաջին համաժողովը եւ դրա շրջանակներում ստորագրված միջկառավարական եւ միջտարածաշրջանային երկկողմ փաստաթղթերի ստորագրումը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ակտիվ զարգացող հարաբերությունների եւ համագործակցության ընդլայնման լավագույն վկայությունն են:

Կարեն Կարապետյանը վստահություն է հայտնել, որ ՌԴ Նախագահի աշխատակազմի ղեկավարի այցը նոր խթան կհաղորդի ինչպես երկու պետությունների, այնպես էլ ՀՀ եւ ՌԴ նախագահների աշխատակազմերի եւ դրանց առանձին ստորաբաժանումների միջեւ համագործակցության առավել խորացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Սերգեյ Նարիշկինի նախորդ այցի ընթացքում երկու երկրների ղեկավարների աշխատակազմերի միջեւ ձեռք բերված փոխգործակցության պայմանավորվածությունների կատարմանն ու կարեւորել աշխատակազմերի առանձին ստորաբաժանումների միջեւ եւս շփումների ակտիվացումը: