Ռուսաստանի մոտ 70 տարածաշրջաններ հետաքրքրված են Հայաստանի հետ կապերով, սակայն նրանցից առայժմ միայն 30-ն ունեն համաձայնագրեր։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 19-ին մամուլի ասուլիսում հայտարարեց Ռուսաստանի Դաշնության տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինը։
Ռուսաստանցի պաշտոնյան նշեց, որ կնքված փաստաթղթերում շատ ֆորմալիզմ կա, բայց նաեւ համաձայնագրերի մի մասն արդեն սկսել է աշխատել։ Դրան նպաստում են 2 երկրների նախագահների դիրքորոշումները եւ գործողությունները։ Օրինակ, ըստ Բասարգինի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նկատողություն է արել տարածաշրջանների ղեկավարներին, ասելով՝ եթե պարտավորություն ես վերցրել, ապա պետք է կատարել։ Իսկ ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 4 այցելություն է կատարել Ռուսաստանի տարածաշրջաններ՝ անձամբ խթանելով միջտարածաշրջանային կապերի զարգացումը։
Նշենք, որ այս օրերին Երեւանում ընթանում է «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում՝ միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներին ընդառաջ» խորագրով հայ-ռուսական առաջին համաժողովը։ Դրա շրջանակներում արդեն կնքվել են երկկողմ 24 փաստաթուղթ, որի մի մասը՝ տնտեսվարող սուբյեկտների մակարդակով։
Փաստաթղթերից մեկով, մասնավորապես, համաձայնություն է ձեռք բերվել Ֆիոլետովո-Դիլիջան 32 կմ երկաթգծի շինարարության վերաբերյալ։





























