Վրաստանի իշխանությունների որոշումը` դադարեցնել ռազմական բեռների տարանցումն իր տարածքով կսրի իրավիճակը տարածաշրջանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց վրացի կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին:

«Այս քայլը, ցանկացած պարագայում, ավելի շուտ կսրի վիճակը, քան ինչ-որ կերպ կհավասարակշռի: Դա ճիշտ չէ»,- ասել է աքարեիշվիլին: Նրա խոսքով, դժվար է ասել, թե կոնկրետ ինչ դրդապատճառներով են առաջնորդվել այս որոշումն ընդունելիս:

«Վարկածներից մեկն այն է, որ որոշումը պայմանավորված է Ադրբեջանի հետ բարելավվող հարաբերություններով: Հնարավոր է, դա նրանք են խնդրել: Թեեւ որոշման պատճառների մասին միայն կարելի է գուշակել, բայց դա առաջին միտքն է, որ գալիս է մարդու ուղեղին»,- նկատել է վրացի փորձագետը: Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանը նույնպես Ադրբեջանի վրա ազդելու լծակներ ունի եւ պետք է որ տեղյակ լիներ սպասվող դեպքերի մասին:

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանն այսօր` ապրիլի 19-ին 84 կողմ ձայներով միաձայն ընդունել է 2006 թվականի մարտի 31-ին Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրի ժամկետը լրանալուց հետո այն չերկարաձնելու մասին որոշումը: Այն վերաբերում է Վրաստանի տարածքով ռուսական ռազմական բեռների ու անձնակազմի տարանցման թույլտվությանը:

Այս համաձայնագրի գործողության ժամկետն ավարտվում է այս տարվա նոյեմբերին: Վերջին անգամ Ռուսաստանը իր ռազմական բեռների տարանացման հարցով Վրաստանին դիմել է 2008-ին, սակայն մերժում ստանալով այլեւս չի դիմել: