ԱՄՆ փոխպետքարտողար, Եվրոպայի եւ Ասիայի հարցերով պատասխանատու Ֆիլիպ Գորդոնը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թուրքիայում պատգամավորության քուրդ թեկնածուների` ընտրություններին մասնակցության արգելման, Թուրքիայում մամուլի ազատության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրներին:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Ֆիլիպ Գորդոնը նշել է, թե թուրքական կողմի հետ հաճախակի են քննարկում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը եւ դրան կարեւորություն են տալիս: Նա շեշտել է, թե ԱՄՆ-ը աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: «Վերջին շրջանում այդ ջանքերը դանդաղել են, որի համար հայտնել ենք մեր անհանգստությունը, քանի որ մտածում ենք, որ երկու երկրների շահերից է բխում հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակումն ու բարեկամական հարաբերությունների հաստատումը: Դրա համար մենք շարունակում ենք աջակցել երկու երկրների միջեւ ուղիղ երկխոսությանն ու հարաբերությունների կարգավորմանը: Այդ թեման մենք օրակարգ ենք բերում, երբ հաճախակի հանդիպում ենք երկու երկրների մեր գործընկերների հետ»,-ասել է Ֆիլիպ Գորդոնը:





























