Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Ալի Էմը հայտարարել է, թե չգրանցված 12 պատգամավորության թեկնածուների դիմումները կարող են քննարկվել:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Ալի Էմը լրագրողների հարցերին պատասխանելիս նշել է, թե իրենց որոշումը քաղաքական չէ, քանի որ իրենք անկախ կառույց են: Լրագրողների մեկի հարցին, թե մերժված թեկնածուները եթե լրացնեն իրենց փաստաթղթերը, կքննարկվեն դրանք, Ալի Էմը պատասխանել է, թե կքննարկվեն:

Նշենք, որ Թուրքիայի Բարձրագույն խորհրդը վետո է դրել մի շարք քուրդ գործիչների մասնակցությանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչներն այս որոշման մեջ մեղադրել են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը եւ հայտնել, որ քննարկում են ընտրությունները բոյկոտելու տարբերակը։

Այս որոշումից հետո Թուրքիայի մի շարք քաղաքներում քուրդ բնակչության մասնակցությամբ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։

ԵՄ-ն եւս իր անհանգստությունն է հայտնել այս որոշման կապակցությամբ: