Այսօր «Նովոստի-Արմենիա» տեղեկատվական կենտրոնում միջազգային գիտագործնական կոնֆերանսի շրջանակներում տեղի ունեցած «Մեծ Կովկասում նոր աշխարհաքաղաքական տարածք» թեմայով Երեւան-Կիեւ հեռուստակամուրջի ժամանակ «Georgian times» հոլդինգի նախագահ Մալխաս Գուլաշվիլին ներկայացրել է իր «Խաղաղ Կովկաս» հիմնադրույթը, ինչի հիմնական սկզբունքներն այն են, որ Կովկասյան պետությունները պետք է գտնեն ընդհանուր լեզու, ստեղծեն միասնական կառույցներ, միասնական աշխատեն, որպեսզի Կովկասում կարգավորեն հակամարտությունները։
«Այստեղ պետք է ներգրավվեն համաշխարհային դերակատարներ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Թուրքիան եւ Իրանը։ Պետք է ստեղծվեն կովկասյան ընդհանուր ծրագրեր, որտեղ կներգրավվեն այն ուժերը, որոնք կողմնակից են Կովկասի խաղաղությանը»,- ասաց նա։
Քաղաքագետի խոսքով՝ հայ- թուրքական սահմանի բացման վերաբերյալ խոսակցությունները ապացուցում են, որ քաղաքականության մեջ չկան անձնական թշնամիներ, կան միայն անձնական շահեր, եւ իր կարծիքով նոր աշխարհաքաղաքական, տնտեսական մոտեցումները, կովկասցիներին պարտավորեցնում են գտնել ընդհանուր լեզու, ստեղծել միջպետական կառույցներ եւ կարողանալ Կովկասը պաշտպանել աշխարհաքաղաքական ճնշումներից։
Գուլաշվիլին ընդգծեց նաեւ, որ, եթե Թուրքիան բացում է սահմանը Հայաստանի հետ, ապա Ռուսաստանը նույնպես պետք է բացի Վրաստանի հետ իր սահմանը։




























