Այսօր հանրապետությունում կա 7 պետական մանկատուն, (դրանցից երկուսը մասնագիտացած են), որտեղ ապրում էր 796 երեխա: Այս մասին այսօր` ապրիլի 20-ին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը: Նրա խոսքով` այդ 796 երեխաներից 470-ն ապրում է մասնագիտացած 2 մանկատներում:

Մասնագիտացած մանկատներում ապրող երեխաների թվի հետ կապված` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջարկ է ներկայացվել, որպեսզի մանկատներից մեկը եւս վերակազմակերպվի մասնագիտացված մանկատան, քանի որ մասնագիտացված մանկատները գերծանրաբեռնված են, միաժամանակ հաշմանդամ երեխաներին մանկատուն դիմողների թիվը շատ է:

Ի դեպ, նշենք, որ մասնագիտացած մանկատներում ապրում են խորը մտավոր եւ ֆիզիկական արատներ ունեցող երեխաները:

2011թ առաջին եռամսյակում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ուսումնասիրել է մանկատները եւ գիշերօթիկ հաստատությունները եւ նախատեսել «Զատիկ» մանկատունը վերակազմավորել որպես ընտանիքի աջակցության կենտրոն, որտեղ երեխաները ցերեկային խնամք կստանա:

Ինչ վերաբերում է 2011թ առաջին եռամսյակում մանկատներում ապրող երեխաների թվին, Լենա Հայրապետյանն ասաց, որ  այդ ընթացքում այն մի պահ իջել էր` հասնելով 790-ի, բայց այժմ հավանաբար մասնագիտացած մանկատների հաշվին կբարձրանա, քանի որ արդեն բազմաթիվ դիմումներ կան: «Պայմանավորված երկրում առկա սոցիալտնտեսական իրավիճակով, մարդիկ հնարավորություն չունեն կազմակերպել իրենց հաշմանդամ երեխաների խնամքն ու բուժումը: Դա էլ պատճառ է դառնում, որպեսզի մարդիկ իրենց հաշմանդամ երեխաներին հանձնեն մանկատուն»,- ասաց Լենա Հայրապետյանը:

Նշենք, որ մինչեւ 2008թ երկրում կար 8 պետական մանկատուն, որից մեկը վերակազմակերպվել է երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատության: