«Ազգ» թերթն անդրադարձել է տեխզննման կայանների արձագանքին՝ կառավարության այն որոշմանը, որով արգելափակվում է այդ կայանների կողմից 5 հազար դրամ ապօրինի վճարներ վերցնելը։
«Ինչպես կարելի էր ենթադրել, տեխզննման կայանների սեփականատերերի կողմից այդ որոշումը ուրախությամբ չի ընդունվել: Այդ տրամադրություններն անմիջապես փոխանցվել են քաղաքական ուժերից Հայ հեղափոխական դաշնակցությանը: Վերջինս ներկայացնող պատգամավորները մտահոգություններ են հայտում, թե հիշյալ որոշումը կսնանկացնի տեխզննման կայանների սեփականատերերին, որոնք բավականին լուրջ ներդրումներ են կատարել: Սակայն, հիշեցնենք, այդ կայանները ստեղծվել են 2007-ին եւ ունենալով բարձր շահութաբերություն, վաղուց արդեն հետ են բերել կատարված ներդրումները: Բացի դրանցից, վատ չէր լինի, որ կայանների սեփականատերերը փորձեն աշխատել մրցակցային միջավայրում, երբ նրանց «թրի տակով» բոլոր մեքենա ունեցողների անցնելն այլեւս պարտադիր չէ: Եվ վերջապես, հայտնի է, որ նրանք պատահական մարդիկ չեն, ինչը հաստատում են նաեւ կայանների բաժնետերերի մասին պաշտոնական տեղեկությունները:
Տեխզննման կայանների սեփականատերերի մեջ են հենց նույն Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչներ, նախկին գյուղնախարար Արամայիս Գրիգորյանին է պատկանում Արտաշատի, Արարատի, Մասիսի «Արարատյան ավտոկայան» կոչվող տեխզննման կայանների 50-ական տոկոս բաժնեմասը, իսկ Վանաձորի «Սեարվի» տեխզննման կայանի բաժնետերը Սերգեյ Լոքյանն է: Կան նաեւ այլ ծանոթ ազգանուններ, ոչ դաշնակցական:
Օրինակՙ Էրեբունիում «Դավիթ եւ Էլինա»-ի եւ Շենգավիթում «Ֆորմատ ավտոմոնտաժ»-ի բաժնետերը Դավիթ Սեդրակյանն էՙ նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի որդին, կամ Հրազդանի «Ավտոռադո» կայանինըՙ Հակոբ Շահգալդյանըՙ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ազգականը:
Մյուսները իրենց սեփականությունը ձեւակերպել են այլ անձանց անուններով, սակայն հայտնի է, որ մեքենաների տեխզննման կայանների սեփականատերերի թվում են ներկայումս պաշտոնավարող փոխնախարար, պետական կոմիտեի նախագահ, փոխքաղաքապետ, գեներալ, նախկին նախարար, նախկին եւ ներկա պատգամավորներ եւ այլն: Այս մարդիկ դժգոհելու բարոյական իրավունք հաստատ չունեն եւ ավելի լավ է հնարավորինս շուտ սկսեն հարմարվել նոր կարգին»,- գրում է թերթը:





























