ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի եւ Համայնքների պալատների մի խումբ անդամների՝ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորությամբ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Արցախի ներքին կյանքին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել հյուրերին Մեծ Բրիտանիայում եւ Եվրոպայում Արցախի դիրքորոշման ճշմարտացի ներկայացման, մեր երկիրը ճանաչելի դարձնելու, Մեծ եղեռնի ճանաչմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի համար:

Երկուստեք ընդգծվել է երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման անհրաժեշտությունը՝ այն համարելով բոլոր տեսանկյուններից կարեւոր ու պահանջված:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք: