Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները կայցելեն Հայաստան՝ Մեծամորի ատոմակայանի անվտանգության մակարդակը ուսումնասիրելու համար։ Այս մասին ապրիլի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ փորձագետների այցը Հայաստան սպասվում է մայիսի 15-ից հունիսի 1-ը։

Նրա տեղեկացմամբ, «Ֆուկուսիմա 1»-ի վթարից հետո մշակվել է նախագիծ, որով ԵՄ երկրներին առաջարկվում է ատոմակայանների անվտանգության լուրջ փորձաքննություն իրականացնել։

«Մենք եւս հակված ենք խորը վերլուծություն կատարել, կարեւորելով հատկապես մեր տարածաշրջանի համար առավել վտանգավոր երկրաշարժի հավանականությունը»,- ասաց Ա. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ խորը վերլուծություն կկատարվի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հնարավոր բոլոր վտանգներից խուսափելու համար:

Ատոմակայանի անվտանգության փորձաքննությունը, որում կներգրավվեն  նաեւ արտասահմանյան անկախ փորձագետներ կտեւի երեք ամիս, որից հետո  կներկայացվեն արդյունքները եւ կորոշվի անհրաժեշտ միջոցառումների ցանկը:

Իսկ ներկայումս, Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ Մեծամորի ատոմակայանը անվտանգության առումով համապատասխանում է ՄԱԳԱՏԷ-ի չափանիշներին, իսկ անվտանգության մակարդակի ստուգում պետք է անընդհատ իրականացնել:

Նշենք, որ մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած հզորագույն երկրաշարժից եւ դրան  հետեւած ցունամիից հետո արդիական է դարձել աշխարհի բոլոր երկրներում կառուցված ատոմակայանների անվտանգության հարցը:

Գերմանիան դարձել է առաջին երկիրը, որը քայլեր է ձեռնարկել ատոմային նախագծերը դադարեցնելու ուղղությամբ։ Այդ երկիրը երեք ամսով կդադարեցնի մինչեւ 1980 թվականը կառուցված ատոմային  էլեկտրակայանների աշխատանքը՝ դրանց հետագա շահագործման հնարավորությունները ստուգելու համար:

Իսկ ահա Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ իր երկիրը հետեւություններ կանի Ճապոնիայում տեղի ունեցած միջուկային վթարից, սակայն չի հրաժարվի մինչեւ 2023-ը երեք ԱԷԿ-ներ կառուցելու իր պլաններից:

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում նույնպես ասել էր, որ Հայաստանը չի հրաժարվի ատոմային էներգետիկայից՝ նույնիսկ Ճապոնիայում տեղի ունեցած իրադարձությունից հետո: