Հայաստանում այսօր կա 4 պետական ծերանոց, որոնցից երկուսը Երեւանում են գտնվում, երրորդը Գյումրիի հաշմանդամների ու տարեցների տունն է, իսկ չորրորդը` Վարդենիսի նյարդահոգաբանական ինտերնատը: Պետական ծերանոցները նախատեսված են մոտ 1050 մարդու համար եւ համարյա այդքան էլ ապրում են` մոտ 1040 հոգի: Այսօր` ապրիլի 20-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության տարեցների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Հակոբյանը:

Նրա խոսքով`2011թ առաջին եռամսյակում պատկերը չի փոխվել:

Ինչ վերաբերում է ապագայում ծերանոցների կամ դրանցում տեղերի թիվն ավելացնելուն, նա նշեց, որ դրա կարիքը չկա, քանի որ հերթեր չեն լինում:

Ի դեպ, նշենք, որ նախորդ տարվա համեմատ` ծերանոցների տեղերը 40 տեղով ավելացվել է`1010-ի փոխարեն դառնալով 1050: Բացի պետական ծերանոցներից` կան նաեւ մասնավոր ծերանոցներ, որոնք երեքն են`ՀՕՖ-ի ենթակայությամբ գործող Վանաձորի ծերանոցը, որտեղ բնակվում է 55 մարդ, Արծվանիկում` 11 մարդ եւ Աբովյանում` 30-35 մարդ: