Շնչառական օրգանների հետ կապված խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում այսօր եւ առաջիկա օրերին խուսափել բաց տարածքում լինելուց, քանի որ հանրապետությունում օդի աղտոտվածություն է արձանագրվել: Նման խորհուրդ տվեց Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության տեսչություն մասնագետ Նունե Բակունցը: Նա խորհուրդ տվեց նաեւ դրսում եղած ժամանակ խոնավ դիմակներ կրել եւ այսպիսով խուսափել փոշոտ օդը շնչելուց, ինչը շնչառական օրգանների գրգռվածություն է առաջացնում:
Բակունցը նշեց, որ օդում փոշու նորմայի գերազանցումը երկու անգամ, դա այն ցուցանիշը չէ, որը անհանգստանալու տեղիք տա: «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ աղտոտվածությունը ժամանակավոր բնույթ է կրելու եւ այն մշտական չի լինելու: Եթե այն անգամ ինչ-որ խնդիրներ առաջացնի, ապա միայն շատ զգայուն մարդկանց մոտ, այն էլ այն պարագայում, եթե նրանք ինտենսիվ շնչեն աղտոտված օդը»,-նշեց մասնագետը:
Նա նաեւ հավելեց, որ առողջապահության նախարարությունը բոլոր պատկան մարմինների հետ այս օրերին սերտ աշխատում է, ուսումնասիրում է օդի վերաբերյալ բոլոր տվյալները: «Առայժմ հանրային մասսայական միջոցառումներ ձեռնարկելու կարիք չկա: Եթե լինի, այդ մասին անպայման լրատվության միջոցներով կհայտնենք»,-հավաստիացրեց Բակունցը:




























