Մերձավոր Արեւելքի անապատներից հանրապետություն ներթափանցած փոշոտ օդային հոսանքները եւ մասնավորապես դրանց հետեւանքով սկսված ցեխոտ անձրեւը կդադարեն վաղը՝ ապրիլի 21-ին։ NEWS.am-ի թղթակցին այս մասին հայտնեց «Հայպետհիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով, արդեն վաղը մթնոլորտն աստիճանաբար կպարզվի։ «Հանրապետության տարածք հյուսիս-արեւմուտքից սառը, մաքուր օդային հոսանքներ են թափանցում»,- հավաստիացրեց օթերեւութաբանը։

Նշենք, որ Մերձավոր Արեւելքի անապատներից հանրապետություն այսօր գիշերը եւ երեկ ցերեկը դիտվել է արեւադարձային տաք օդային հոսանքների ինտենսիվ ներհոսք, ինչի արդյունքում անապատային  փոշին տեղափոխվել է Հայաստան։

Ինչպես NEWS.am-ին ավելի վաղ ասել էր ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Բաղդասար Սնգրյանը, կենտրոնը  փոձանմուշներ է վերցնում, որոնց պատասխանները կստացվեն ավելի ուշ: Սնգրյանը նաեւ հերքել էր լուրերն այն մասին, թե, հնարավոր է,  փոշու ամպը Ճապոնիայից է ներթափանցել եւ «Ֆուկուսիմա» ատոմակայանի վթարի հետեւանքով առաջացած  ռադիոակտիվ փոշին է: