Եթե իսկապես Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, ապա առնվազն տարակուսանք կարող են առաջացնել Ադրբեջանին հաճոյանալուն ուղղված նմանատիպ հայտարարությունները: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունները, թե Ռումինիայի նախագահը հայտարարել է, թե համարում է, որ ԼՂ-ն Ադրբեջանի մասն է, եւ այդ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա:
«Չէի ցանկանա հավատալ, որ ԵՄ անդամ որեւէ պետության ղեկավար նման կողմնակալ եւ ապակառուցողական հայտարարություն կարող էր անել: Դա հակադրում է միջազգային հանրության մոտեցմանը, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի դիրքորոշումներին, Հելսինկիի, Աթենքի, Ալմաթիի նախարարական հանդիպումների, Աստանայի գագաթաժողովի, նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի` լ`Աքվիլայի եւ Մուսկոկայի համատեղ հայտարարություններին, որտեղ հստակ ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա»,- ասել է փոխնախարարը:





























