Հայաստան-Թուրքիա բեռնափոխադրումներ իրականացնող 4 ընկերությունների նկատմամբ առաջիկայում մեղադրանք կներկայացվի տնտեսական մրցակցության օրենսդրությունը խախտելու համար: Երեւանում ընթացող կլոր սեղանի ժամանակ նման հայտարարություն արեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը:

Այդ ընկերություններն են` «Չորս ընկեր», «Պրոֆ Իմպրոտեքս», «Նանիս» եւ «ՍՕՀՕ»: ՏՄՊՊՀ-ի կողմից այդ ընկերությունների նկատմամբ վարույթ հարուցվել էր ապրիլի 6-ին; Ա. Շաբոյանի խոսքով` արդեն իսկ բացահայտվել են որոշ խնդիրներ, որոնք թույլ կտան այդ ընկերություններին մեղադրել գերիշխող դիրքի չարաշահման մեջ: 

Հիշեցնենք, որ համաձայն մամուլի հրապարակումների, ինչպես նաեւ առեւտրականների հավաստիացումների, տարեսկզբին վերոնշյալ 4 տնտեսվարողները բարձրացրել են Թուրքիայից եւ Չինաստանից ներկրվող ապրանքների համար առեւտրականներից գանձվող վճարի չափը:

Նույն աղբյուրների պնդմամբ, Թուրքիայից ներկրվող ապրանքի մեկ կիլոգրամի մաքսազերծումը 4 դոլարից դարձել է 8 դոլար, Չինաստանից ներկրվող ապրանքի դեպքում՝ 7 դոլարի փոխարեն՝ 14 դոլար:

Նշենք, որ առաջինն այս խնդրի մասին բարձրաձայնել է Թուրքիայում NEWS.am-ի թղթակիցը` հաղորդելով, որ Ստամբուլի «Էմնիյեթ» ավտոկայանում, որտեղից իրականացվում է Ստամբուլ-Երեւան ավտոբուսային ուղերթը, մի քանի հարյուր խաբված հայաստանցի առեւտրականներ բողոքի չարտոնված ցույց են արել:

Այնուհետ Թուրքիայից եւ Չինաստանից ապրանք ներմուծող հայ առեւտրականները ցույցեր են կազմակերպել Երեւանում՝ կառավարությունից պահանջելով չբարձրացնել մաքսազերծման արժեքը:

Ըստ Պետեկամուտների կոմիտեի պարզաբանումների`

տնտեսվարող սուբյեկտներն իրենց իրական շրջանառությունը թաքցնելու, հարկերից խուսափելու կամ ինչ-ինչ պատճառներով տնտեսական գործունեությունը (ապրանքների ներկրումը Թուրքիայից կամ Չինաստանից) իրականացնում են միջնորդավորված՝ բեռնափոխադրող կազմակերպությունների միջոցով: Ըստ այդմ` բեռնափոխադրումների (ներառյալ մաքսազերծումը) արժեքը թանկացրել են միջնորդ կազմակերպությունները, որոնց նկատմամբ հարկային վարչարարությունը կխստացվի: