Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավորը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցի կողմից հրապարակած իր հետ կապված տեղեկատվությունը՝ համարելով դա տեղեկատվական կեղտոտություն։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberturk-ը։

Ադրբեջանական Musavat.com կայքէջը հրապարակել էր մի տեղեկություն, իբր թուրքական խորհրդարանի քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության պատգամավոր Սըրը Սաքըքը Բաքվում վեճի մեջ մտնելով ադրբեջանցի պատգամավորների հետ ասել, որ ադրբեջանցիների համեմատ թուրք ազգայնականները ավելի լավն են եւ ավելացրել. «Մատաղ լինեմ թուրք ազգայնականներին»:

Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավորը այս մասին իմանալով ՝ հանդես է եկել հայտարարությամբ։ «Սա տեղեկատվական կեղտոտություն է։ Մենք խոսել ենք, վիճել ենք, բայց այս արտահայտությունններից ոչ մեկը ինձ չի պատկանում։ Երկրագնդի վրա այնպիսի թուրք ազգայնական չկա, որ ես նրա համար մատաղ լինեմ»,- ասել Մուշից ընտրված պատգամավորը։

NEWS.am-ը հիշեցնում է, որ Բաքվում թյուրքալեզու հանրապետությունների խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու համար Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ Բաքու էր մեկնել նաեւ թուրքական խորհրդարանի ընդդիմադիր, քրդական «Ժողովրդավարական հասարակություն» (DTP) կուսակցության անդամ, Մուշից ընտրված պատգամավոր Սըրըք Սաքըքը: Մուշից ընտրված պատգամավորը Բաքվում լրագրողներին հայտնել էր, որ իրենք աջակցում են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Թուրքական խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորը նշել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը շատ ուշացած նախագիծ է եւ ավելացրել էր. «Անհրաժեշտ է առաջին քայլն անել: Չի կարելի ամբողջ կյանքը հակամարտությամբ անցկացնել: Անպայման հակամարտողները մի օր պետք է նստեն խաղաղության սեղանի շուրջ»,-ասել էր Սըրըք Սաքըքը: